Thursday, February 25, 2016

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ է։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսիք են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։


Թումանյանի «Անուշ» պոեմը անկեղծ ու մաքուր, բայց նույնքան դժբախտ սիրո մասին է։ Պոեմի հերոսները՝ Անունշն ու Սարոն զոհ են դառնում այդ ժամանակվա սովորույթներին, բայց գլխավոր զոհը դառնում է Մոսին։ Նրանց սիրուն դեմ էին բոլորը։ Անտեսելով այդ ամենը, Անուշը չէր դադարում սիրել, հանդիպել իր սիրած տղայի հետ, զրուցել, լինել նրա հետ։ Եղբայրը՝ Մոսին դարձավ այն մեղավորը, ով վերջնականապես բաժանեց այդ երկու սիրահարներին։ Կոխի ժամանակ Սարոն տեսնելով Անուշին, գլուխը կորցրած մի պահ մոռացավ ամեն ինչ ու երակներում եռացող արյունը դրդեց նրան Մոսիի մեջքը խփել գետնին, որը պատվի ոտնահարում էր։ Ու քանի որ Մոսին այդ քայլը չէր կարող մոռացության մատնել, որոշում է սպանել Սարոյին։ Սարոն շատ լավ հասկանալով, որ չի կարող լինել Անուշի հետ, և որ բոլորը դեմ են նրանց, որոշում է փախչել Անուշի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց Անուշը ետ վերադառնալով արժանանում է բոլորի կողմից քարկոծմանը։ Իսկ Մոսին չմոռանալով իր արժանապատվությունը և թույլ չտալով, որ այն ոտնահարեն՝ սպանում է Սարոյին, դժբախտացնելով քրոջը։ Անուշը խելագարվում է և իրեն նետում Դեբեդ գետը։
Ինչպես արդեն նշեցի, այս պոեմում հերոսները դարձել են ժամանակի սովորույթների զոհը։ Այդ ժամանակներում բոլորը արժանապատվություն ունեին ու ոչ ոք չէր հանդուրժի այն քայլը, որը թույլ տվեց Սարոն։ Մոսիին մեղադրում եմ այնքանով, որ կարող էր այլ կերպ իր վրեժը լուծել, բայց ոչ մահվան գնով, ու քրոջն էլ չդժբախտացներ միայն իր պատվի համար։ Սակայն, կարծում եմ ժամանակները այնքան են փոխվել, որ յուրաքանչյուրի մեծ ցանկության դեպքում էլ, մենք չենք կարող լիարժեք հասկանալ ու ընկալել Մոսիի քայլի արդարացիությունը։

Թումանյանի պոեմներից, բալլադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ), ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտարկվում։
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

1 comment:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete

Translate